Սիրելի՛ կանայք, որևէ գանգատ չունենալու դեպքում անգամ տարվա մեջ 1-2 անգամ անհրաժեշտ է այցելել գինեկոլոգի: Պարտադիր հետազոտություններից են ուլտրաձայնային հետազոտությունը, հեշտոցից միկրոսկոպիկ հետազոտությունը, արգանդի պարանոցի բջջաբանական հետազոտությունը և այլն:
Պրոֆիլակտիկ հետազոտությունների իրականացումը կօգնի վաղ շրջանում ախտորոշել և բուժել մի շարք հիվանդություններ, այլապես դրանք կդառնան քրոնիկ և դժվար բուժելի:
Այս շարքում առաջին տեղում ինֆեկցիաներն և վիրուսներն են:
«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի գինեկոլոգ Իննա Քարամյանը նշում է, որ ինֆեկցիաները հաճախ հիմնովին բուժելի են, իսկ վիրուսներն ապրում են մարդու օրգանիզմում, կախված իմունիտետից՝ կարող են գլուխ բարձրանալ կամ հակառակը:
Սեռական ճանապարհով ինֆեկցիաների փոխանցման ուղին սեռական հարաբերությունն է, ինչպես նաեւ կարող են փոխանցվել մորից պտղին, երեխային՝ ծննդաբերության և կրծքով կերակրման ընթացքում:
Ամենատարածված սեռական ինֆեկցիաներն են՝ բակտերիալ (խլամիդիա, գոնոռեա, սիֆիլիս և այլն), սնկային (Candida), վիրուսային և այլն:
ՍՃՓՀ (սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ) լինում են բուժվող, ինչպես սիֆիլիսը, գոնորեան, խլամիդիան, տրիխոմոնիազը և դեռևս անբուժելի, ինչպիսին են գենիտալ հերպեսը, ցիտոմեգալովիրուսը, ՁԻԱՀ-ը եւ այլն։
Կանանց մոտ ՍՃՓՀ ախտանիշներն են՝ հեշտոցային արտադրություն և հոտ, միզելու ժամանակ ցավ և այրոց, հեշտոցի քոր և անհանգստության զգացում, սեռական օրգանների շրջանում ցավոտ կամ անցավ վերքեր, ցան, ցավ սեռական հարաբերության ժամանակ և հետո:
Բժիշկ-գինեկոլոգը նշում է, ՍՃՓՀ-ները պայմանավորված են այն հանգամանքով, թե ինչ սեռական կյանքով է ապրում կինը, հաճախ է փոխում զուգընկերոջը, թե ոչ: Կանխարգելման համար խորհուրդ է տրվում օգտագործել պահպանակներ, խուսափել պատահական սեռական հարաբերություններից, պարբերաբար անհրաժեշտ հետազոտություններ անցնել:
ՍՃՓՀ հաստատվելու դեպքում իրականացվում է հակաբակտերիալ, հակավիրուսային, հակասնկային բուժում, օգտագործում իմունիտետը բարձրացնող դեղեր: Ժամանակին անհրաժեշտ բուժում չստանալու դեպքում այն կարող է հանգեցնել քրոնիկ բորբոքային պրոցեսի փոքր կոնքում, որն էլ իր հերթին կհանգեցնի անպտղության, վիժման և այլ քրոնիկ հիվանդությունների:
.png)